2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԴԻՄԻ, ՄԵՆՔ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՏԵՂԸ ՉԳԻՏԵ՞ՆՔ»

«ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԴԻՄԻ, ՄԵՆՔ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՏԵՂԸ ՉԳԻՏԵ՞ՆՔ»
22.02.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-Քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրը նոր ստորագրված կոալիցիոն հուշագիրն է: Ձեր կարծիքով` ի՞նչ խնդիր է հուշագիրը լուծում:
-Քաղաքական այս համաձայնագրի ստորագրումը կարելի է որակել և՛ որպես հերթական, բնականոն երևույթ, և՛ որպես լուրջ, էական քաղաքական բարեփոխման մաս: Քաղաքական կոալիցիան արդեն 3 տարի գոյություն ունի և այդ տարիների ընթացքում տարբեր իրավիճակների և իրադարձությունների կապակցությամբ բազմաթիվ հայտարարություններ է արել: 3 տարում կոալիցիան ի զորու է եղել հաղթահարելու իր առջև ծառացած շատ լուրջ ներքին և արտաքին խնդիրները, ցույց է տվել իր կենսունակությունը, այսօր ևս մի քայլ է անում հետագա խնդիրների լուծման համար: Արտառոց ոչինչ չի կատարվել: Հետագա պայմանավորվածությունների ձեռքբերումը բնական է, նույնիսկ սովորական ճանապարհ գնացողները մեկնումից առաջ կամ հանգրվանից հանգրվան ուղևորվելիս պարզում են ճանապարհը շարունակելու իրենց հաստատակամությունը: ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձրաձայնած մտքերի իրագործումը նոր իրավիճակ է ստեղծելու Հայաստանում. այդ ելույթում կա շատ լուրջ, հանգամանալից վերլուծություն բազմաթիվ խնդիրների` համակարգային, տնտեսական, ֆինանսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, որոնցից բխում են բազմաթիվ նոր լուծումներ ու նոր խնդիրներ` ոչ մեկ կամ երեք տարվա համար, այլ բավականին երկար ժամանակի: Նման խնդիրներ դնելիս, բնականաբար, հեղինակը պարտավոր է վստահ ու համոզված լինել, որ ունենալու է այնպիսի աջակցություն իր քաղաքական գործընկերներից, որը բավարար է նման հավակնոտ ծրագրերի իրականացման համար: Նախագահի ելույթը համակարգային փոփոխությունների նոր փուլի մասին էր, այդ փուլը մտնելով` պետք է ուժեղ լինես, քո հայացքները կիսող, քեզ աջակցող, վստահող, հավատացող թիմակիցների աջակցությունը զգաս:
-Առանց գրավոր արձանագրումի այդ աջակցությունը չէ՞ր լինելու:
-Թերևս կարելի էր և առանց գրավոր արձանագրումի: Ինչո՞ւ ո՛չ: Շատ խոսվեց մտավախությունների, անհանգստության մասին, ես կարծում եմ` այսօր իշխող կոալիցիան չունի անհանգստություն, չունի ճաքեր, չունի կասկածելի ու տագնապահարույց հանգույցներ: Կոալիցիան իրապես բաց է, և յուրաքանչյուր քաղաքական ուժ այդ կոալիցիայի մաս է դարձել իր խնդիրներով, իր ծրագրերով, կոալիցիայի հենքը ձևավորվել է խնդիրների այն ընդհանրությունից, որոնք կոալիցիան ստեղծած քաղաքական ուժերը տեսել են: Եթե այդ ընդհանրությունը չկա, բաց կոալիցիաներից դուրս գալու քաղաքական փորձը նույնպես կա Հայաստանում:
-Բաց կոալիցիա նշանակում է, որ այլ կուսակցություննե՞ր էլ կարող են անդամակցել:
-Իհարկե: Քաղաքական մշակույթի ձևավորման առումով էլ հուշագրի ստորագրումը կարևոր է, որովհետև անկախության անցած տասնամյակներում բազմաթիվ կոլիզիաներ են եղել: Հատկապես նախընտրական տարում քաղաքական ուժերը բնականորեն ակտիվանում են, եղել է նաև գործունեության այնպիսի ձև, որ ընտրողներից շատերը բնութագրել են` միասին աշխատել ենք, առանձին-առանձին պատասխանատվություն ենք կրում: Նման ճշգրտող քայլը հասարակության համար բաց, թափանցիկ աշխատանքի, կանխատեսելի դիրքորոշման հռչակագիր է, արդեն իսկ ընտրությունից մեկ տարի առաջ քաղաքական մեկ բևեռում հանդես եկող քաղաքական ուժերը հայտարարում են իրենց խնդիրները, նպատակները, ծրագրերը, հայտարարում են իրենց շարունակական համագործակցության մասին, կարծում եմ` ՀՀ ընտրողն այդ քայլից նույնպես պետք է բավարարված լինի և գնահատի այդ քաղաքական մշակույթը, որը պաշտպանում է իրեն անակնկալներից, հաճախ անցանկալի, հնարավորություն է տալիս երկարաժամկետ հատվածում հետևելու և կարծիք կազմելու այս կամ այն քաղաքական ուժի մասին` ընտրախցիկում իր վճիռը կայացնելու համար:
-Հուշագրում նշվում է արտաքին ու ներքին մարտահրավերների առկայությունը, ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում:
-Հայաստանը հետճգնաժամային փուլում գտնվող երկիր է և ունի շատ լուրջ խնդիրներ` տնտեսության աճին վերադառնալու, արտադրությունը վերագործարկելու, աշխատատեղեր վերստեղծելու: Շատ լուրջ խնդիր այսօր ունեն եվրոպական և այլ պետությունները պետական պարտքը մարելու առումով, որովհետև ճգնաժամի դեմ պայքարը հիմնականում վարվել է ֆինանսական համակարգի վրա բեռ դնելով, և մոտակա մի քանի տարիներին այդ բեռի տակից պիտի կարողանանք դուրս գալ: ՈՒստի պետք է վարել խոհեմ տնտեսական քաղաքականություն, լրջագույն աշխատանք է պետք արտադրական ուժերի զարգացման, արդյունավետ տնտեսավարման պայմաններ ստեղծելու, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Սրանք իսկապես շատ լուրջ ներքին մարտահրավերներ են: Արտաքին մարտահրավերներ ևս կան: Այն ակտիվ արտաքին քաղաքականությունը, որ սկսեց վարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դեռ ճանապարհ ունի անցնելու: Խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով, ԼՂ հիմնահարցը Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կամ տարածաշրջանի խնդիր չէ լոկ, այլ միջազգային հանրության մասնակցության ու հավանության անհրաժեշտությունն ունի: Այս առումով ևս հսկայական աշխատանք կա, որպեսզի ունենանք հայանպաստ լուծում տարատեսակ իրավիճակներում: Այսօր Ադրբեջանն օրը մի սադրանքի է դիմում, իսկ մենք պետք է կարողանանք միջազգային հանրության ու գերտերությունների հետ փոխըմբռնում ունենալ:
-ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերջերս նորից տարածաշրջանում էին և այցի արդյունքներով տարածեցին հայտարարություն, որ հարցի լուծման որոշակի առաջընթաց կա և կողմերին հանդուրժողականության ու զսպվածության կոչ էին անում, որպեսզի հնարավոր լինեն առաջընթաց քայլեր: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան էլ տեղեկացրել է մարտի 5-ին նախագահների հերթական հանդիպման մասին: Համանախագահների հայտարարության, անցած ճանապարհի հիման վրա հնարավոր համարո՞ւմ եք համաձայնագրի ստորագրում, որտեղ կարձանագրվի ձեռքբերված առաջընթացը և կդառնա հետագա քայլերի ճանապարհային քարտեզ:
-Ադրբեջանական կողմի վերաբերմունքը դեռևս արտահայտված չէ, պարզապես նշված է հերթական հանդիպման տեղն ու ժամանակը, որը պարտադիր չէ, որ տա այն արդյունքը, որը սպասում են համանախագահները: Այդպիսի հանդիպումներ նախկինում էլ եղել են և ավարտվել են չլուծված խնդիրների շուրջ աշխատանքը շարունակելու մտադրությամբ: Դժվարանում եմ հիմա ասել և չգիտեմ` որևէ մեկը կկարողանա՞ այս պահին կանխատեսել, թե ինչ կլինի մարտի 5-ին, համենայն դեպս, այն բոլոր ազդակները, որ գալիս են Ադրբեջանի քաղաքական էլիտայից ու առաջին դեմքից, բոլորովին չեն վկայում, որ կա քայլեր կատարելու պատրաստակամություն և գիտակցում:
-«Միր» հեռուստաընկերության հետ զրույցում Ալիևի հայտարարությունը հերթական սադրանքը չէ՞ր. Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Հայաստանը պետք է պարտավորվի չճանաչել ԼՂՀ անկախությունը:
-Նմանօրինակ հայտարարություններն Ադրբեջանի կառավարող էլիտայի համար սևեռուն գաղափար են դարձել և արդեն նույնիսկ նպատակային չեն արվում, պարզապես սովորել են հալվա-հալվա ասել` չզգալով, որ քիմքը չի քաղցրանում: Երբ անցյալ տարի Բաքվում էի, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից տպավորությունն այն էր, որ ուզում էր ավելի շատ ինքն իրեն համոզել, քան ներկաներին: Պետք չէ կորցնել կապը իրականության հետ, Ալիևը լավ գիտե, որ իր հայտարարություններն իրավական, պատմական, աշխարհաքաղաքական հիմքեր չունեն:
-Իրականության հետ կապը չկորցնելով` ստացվում է փակուղի: Համանախագահները, համանախագահ երկրների նախագահները, Հայաստանը հայտարարում են, որ ընդունում են մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը 3 իրավահավասար սկզբունքներից գերազանցություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Տրամաբանական չէ՞, որ Ադրբեջանը կամ կարող է դուրս գալ բանակցություններից, կամ պատերազմ սկսել: Քանիցս Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Մինսկի խմբից` փորձելով հարցի լուծումը տեղափոխել միջազգային կառույցներ` ՄԱԿ, ԵԽԽՎ:
-Եթե մենք ամբողջությամբ չենք տիրապետում գործընթացի վերաբերյալ տեղեկությանը, հնարավոր է, որ մեր եզրակացությունները միակողմանի կամ ոչ ճշգրիտ լինեն: Մադրիդյան սկզբունքներն իրականում ինչ-որ փուլ էին, նվաճում էին համանախագահների համար, բայց բավականին ժամանակ է անցել, մեծ աշխատանք է կատարվել, զարգացումներ են եղել: Բանակցային գործընթացը որոշակի գաղտնիության նախապայման ունի, և ճիշտ չեմ համարում դատողություններ անելը բացակա կամ կիսատ տեղեկության հիման վրա: Թերևս կարելի է սպասել հետմադրիդյան իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվության, ապա հետևություններ անել: Որ Ադրբեջանը դժգոհում է ՄԽ աշխատանքներից և փորձում է տարբեր ձևաչափերով ընդդեմ ՄԽ գործընթացներ վարել, կիսաստվերային-բացահայտ, վկայում է, որ կարող է լինել մի իրավիճակ, երբ բանակցություններն այլևս չշարունակվեն: Բայց ինչո՞ւ եք կարծում, որ դա միայն Ադրբեջանի պատճառով կարող է լինել: Ինչո՞ւ եք մտածում, որ եթե ռազմական ճանապարհով պետք է պաշտպանել սեփական նվաճումները, դա կարող է անել միայն Ադրբեջանը:
-Որովհետև մենք հարցի լուծումը տեսնում ենք խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով, և այդ մասին միշտ էլ ասել ենք:
-Մենք պատերազմում հաղթելուց հետո հարցի լուծման ապագան տեսնում ենք խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, բայց դա չի նշանակում, որ երբ բանակցային խնդիրները մի կողմ դրվեն, մենք ռազմական ճանապարհի հնարավորություն, ուժ կամ հզորություն չունենք: Եթե Ադրբեջանն ասում է, որ ռազմական ճանապարհի կդիմի, մենք այդ ճանապարհի տեղը չգիտե՞նք: Ադրբեջանն այսօր իր արտաքին քաղաքական դոկտրինի մեջ ձևակերպել է, որ կոնֆլիկտի լուծման ճանապարհը ռազմականն է տեսնում: ԵԽ անդամ թերևս միակ պետությունն է, որ սևով սպիտակի վրա գրել է, որ հարցերի լուծման ձև պատերազմն է համարում: Եվ ոչ միայն գրել է, այլև քաղաքականությամբ ամրապնդում է այս տեսակետը, որի վկայությունն է ռազմական բյուջեի տարեցտարի հետևողական աճը:
-Այդ դեպքում ԵԽ-ն ինչո՞ւ է այդքան անտարբեր, թե անուշադիր:
-Մեր երկրի ղեկավարությունը, մեր պատվիրակությունը ԵԽ-ում բարձրաձայնում է այդ փաստի անընդունելիության մասին, համենայն դեպս, այսօր դեռ Ադրբեջանը ոչ մի էական քայլ չի արել, բացի սահմանային միջադեպերից: Իմ խորին համոզմամբ` լոկալ պրովոկացիաներից ավելին Ադրբեջանը չի անելու այնքան ժամանակ, քանի դեռ համոզված է, որ, ի դեմս Հայաստանի, լուրջ հակառակորդ ունի և՛ դիվանագիտական, և՛ ռազմական դաշտում: Իսկ աշխարհի անուշադիր անտարբերության պատճառը դարավոր ու դաժան է` նավթի գինն արյան գնից բարձր է: Միջազգային իրավունքի այսօրվա իրողությունները, երբ վերջին 20 տարիներին աշխարհի քաղաքական քարտեզին նորաստեղծ բազում պետություններ են ավելացել, խոսում են այն մասին, որ ժամանակը մեր օգտին է աշխատում: Միջազգային հանրության ընկալումներն աշխատում են Ղարաբաղի ժողովրդի և Ղարաբաղի Հանրապետության օգտին: Այնուամենայնիվ, բոլոր ճակատներում միշտ պետք է պատրաստ լինենք պատասխանի:
-Մևլութ Չավուշօղլուի նախագահությա՞մբ եք բացատրում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնումը ԵԽԽՎ-ում այն պարագայում, երբ հանգուցյալ լորդ Ռասել Ջոնսթոնի նախագահությամբ էլ ոչինչ գործնականում չարվեց:
-Մի քանի հանգամանքներով եմ բացատրում։ Իհարկե, Չավուշօղլուի գործոնը կա, բայց կա նաև անդամ երկրների ներկայացուցիչների վերաբերմունքը ենթահանձնաժողովին: Նրանց մեծամասնությունը մտածում է, որ ոչ էական հարցի համար չարժե կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Որ այդ հանձնաժողովը կենսունակ չէ, արդեն տեսել ենք: Լորդ Ռասել Ջոնսթոնի նման մեծ դիվանագետը չկարողացավ գործը գլուխ բերել, թեև շատ ձգտում էր և շատ էլ ջանքեր գործադրեց, բայց նաև հասկանում էր, որ անտեղի նպատակ է:
-ԵԽԽՎ այս նստաշրջանում Դուք ընտրվեցիք տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ, ի՞նչ է դա նշանակում:
-ԵԽ արժեհամակարգի հիմքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, քաղաքական-քաղաքացիական իրավունքներից բացի, մարդն ունի տնտեսական ու սոցիալական իրավունքներ, որոնք միշտ էլ շատ էական բաղկացուցիչ են եղել: Տնտեսական-սոցիալական իրավունքների անտեսումը քաղաքական ցնցումներ է առաջացրել: ԵԽԽՎ-ն իր կազմում ունենալով տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողով` կարևորել է իրավունքների համակարգում տնտեսական և սոցիալական իրավունքների բաղկացուցիչը: Ողջ Եվրոպան շատ մեծ դժվարությամբ կարողացավ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքը հաղթահարել, և հազիվ թե կարելի է ասել, որ ճգնաժամն իրական ու վերջնական հաղթահարված է: Մենք ֆինանսական մեծ ներարկումների ճանապարհով կասեցրել ենք ճգնաժամի առաջխաղացումը, տնտեսական զարգացումը, տնտեսական ճշգրիտ քաղաքականությունը և տնտեսական իրավունքների պաշտպանությունն ավելի ակտուալ են դարձել: ԵԽԽՎ-ն նաև մտածում է, որ իր տնտեսական հանձնաժողովն ակտիվ, դինամիկ դերակատարություն ունի այս գործընթացների մեջ: Բոլոր եվրոպական երկրներում այսօր նման իրավիճակ է` կան պետական մեծ պարտքեր, տնտեսական քաղաքականության նորովի մեկնության կարիք, սոցիալական խնդիրներ: Հարկավոր է վերաիմաստավորել իրավական պետության դերը շուկայական տնտեսության պայմաններում այսօր. Ադամ Սմիթի ասած` գիշերային պահա՞կ, թե՞ լուրջ իրավասություններով օժտված, լուրջ պարտավորություններ ունեցող կարգավորիչ մարմին, որը խաղի կանոններ հաստատելիս և մարդու իրավունքները պաշտպանելիս էական գործառույթ ունի: Միաժամանակ` չի նահանջում շուկայական տնտեսավարման սկզբունքներից: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը տնտեսագիտական միտքը որոնում է, և եվրոպական տարբեր երկրների օրակարգերում այս հարցերը կան: ԵԽԽՎ տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի խնդիրները եվրոպական տնտեսության զարգացման քաղաքականությունն է, տրանսպորտային, էներգետիկ քաղաքականություն, զարգացած և զարգացող երկրների համագործակցության, միջազգային տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը ազգային պետությունների ու կառավարությունների հետ: Սա խնդիրների մեծ խումբ է, որոնց լուծումը շատ կարևոր է թե՛ մեծ պետությունների համար, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ